ԿԱՆԱՅՔ ՄՈՒՐԱՑԱՆԻ «ԳԵՎՈՐԳ ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ» ՊԱՏՄԱՎԵՊՈՒՄ


Մուրացանը «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում ներկայացրել է մեր ազգի ծանրագույն  ժամանակներից մեկը`10-րդ դարում արաբական տիրապետության դեմ մղած ազատագրական-հերոսական պայքարի պատմությունը: Հովհաննես Դրասխանակերտցու և Թովմա Արծրունու պատմություններն են աղբյուրը Մուրացանի վեպի:  Ըստ Մ. Նահապետյանի`«Գևորգ Մարզպետունի» պատմավեպի գլխավոր հերոսը հայ ժողովուրդն է և նրա անվեհերության ու անպարտելիության  ջատագովությունը կազմում է վեպի շունչն ու հոգին: Վեպի կարմիր թել հանդիսացող  հայրենասիրությունը ամբողջությամբ  խտացված է Գևորգ Մարզպետունու կերպարի մեջ,որը հայրենիքի ազատության և անկախության համար մղած պայքարում առաջնորդվում է միայն ու միայն մեկ նշանաբանով. «Արաբացին Արաբիայում պիտի իշխե  և  ոչ  թե հայոց երկրում»:
            «Գևորգ Մարզպետունի» վեպում արծարծված հայրենասիրության և ընտանիքի ամրապնդման հարցերը յուրովի են ընկալվում այսօրվա սերնդի կողմից: Այսօրվա  սերունդը իր աշխարհայացքով ու աշխարհընկալմամբ կարողանում է բացատրել ու արդարացնել Աշոտ Երկաթի «մի թուլությունն» ու Ցլիկ Ամրամ ու Ասպրամ եռանկյունին: Յուրահատուկ մեկնաբանությամբ են հանդես գալիս աշակերտները հատկապես Սականույշի, Սեդայի, Ասպրամի, Շահանդուխտի, երբեմն նաև Գոհար իշխանուհու մասին:
            Անդրադառնանք նրանցից  Սահականույշին, Սեդային և Ասպրամին:
Սահանույշը` որպես թագուհի, ունի բոլոր իրավունքները  իշխելու և իշխանություն բանեցնելու: Անգամ նրա ծագումից ու դաստիարակությունից կարող ենք հասկանալ, որ նա ժամանակի համար յուրօրինակ ու ինքնատիպ մի անհատ է, որի անհատականության ձևավորման գործընթացում մեծ դեր է խաղացել հոր նվիրվածությունն ու անսահման սերը, մոր անմնացորդ սերը, դայակի դիպուկ ու տեղին արված շտկումները, որոնք տարիներին զուգընթաց միախառնվում են կենսակերպին:  «Գարնան առավոտի նորաստեղծ մի թիթեռնիկը»`  Գարդմանա աշխարհի հպարտությունը, թվում է, ոչ մի ցավ կամ անհանգստացնող հարց չպիտի ունենա: Թագուհուն բնորոշ  ամեն բան Մուրացանը ներկայացնում է ամենայն մանրամասնությամբ` նկարագրելով հագուկապը /հունական տարազ,  գոհարազարդ գոտի, մետաքսե նուրբ պատմուճան/, զարդերը  /բյուզանդական  ծանրագին ապարանջաններ ու գինդեր, ոսկեհուռ մանյակ, հակինթե ճարմանդ, մարգարտյա վարսակալ/, շսրժուձևը, վերաբերմունքը, նրա ներաշխարհը: Ընթերցողի աչքի առաջ տեսիլքի պես վեր է խոյանում թագուհին: Սակայն թագուհի լինելու փաստը, ասես, պարտավորեցնում է Սահանույշին իր սեփական կյանքով չապրել, թուլությունը չբացահայտել, ցույց տալ` իբր ուժեղ է: Սակայն նա էլ թագուհի լինելուց առաջ կին է, ով ունի սիրո, քնքշանքի, խորհրդի կարիք, ով կարծես միայնակ է մնացել բազմահազարանոց արքունիքում. «<…> Այժմ ես կարոտում եմ մի հավատարիմբարեկամի, մի ընկերուհու, որին սիրտսբանալ կարողանամ: <…> թուլացել եմ իմ վշտերս միայնակ տանելուց»:  Ու  հենց այդ մենությունն է նրան դրդում վստահել դայակին` Սեդային, ով մանկուց  միշտ նրա հետ էր, նրա հավատարիմ ընկերն էր, մինչև անգամ արժանանում էր մայր կոչմանը:  Դայակի մերկապարանոց ճշմարտությունը  առավել սուր ու ուժգին է խոցում թագուհու սիրտը, սակայն նա` որպես առաքինի կին, չի կարողանում «անպատշաճ  խոսքեր լսել յուր   թագավոր  ամուսնու  մասին»:  Սահականույշի խոսքերը վկայությունն է, որ ինքը դժբախտ կին է ու թագուհի. «Քսանհինգամյակս դեռ չէ բոլորել, և սակայն վաղուց պառավել եմ ես», «Գեղեցիկ եմ, բայց ում համար, ումն է պետք քո թագուհու գեղեցկությունը»:
Սահակայնույշի անսահման սիրո և երջանկության թագավորը «մի անզգամ, մի նվաստազգի կնոջ» պատճառով ուրացավ յուր խոստումը, յուր ամուսնական երդումը:  Այս ամենը իմանալով` Սահակայնույշը լռում է. «չամեցա հայոց թագավորի ընտանիքը կործանել, չկամեցա Սահակ Սևադայի դստեր ձեռքով հայոց թագին ու գահին անարգանք դրոշմել և … ախ, ինչու թաքցնեմ, Սեդա, չհայտնեցի, որպեսզի իմ հակառակորդուհիները չուրախանան, որպեսզի հաչաղկոտ իշխանուհիները ցնծության տոն չկատարեն և իմ փեսացուները իմ հպարտությունը չծաղրեն»:
Կին-տղամարդ փոխհարաբերությունները աչքի են ընկնում իրենց նշանակալիությամբ, որտեղ կնոջ դերը առանձնահատուկ հնչեղություն չի ստանում: Ահա այսպես է Սահականույշը անդրադառնում բոլոր տղամարդկանց` աչքի առաջ ունենալով իր սիրեցյալ ամուսնուն, ով առաքինության օրինակ ու առաջնորդ պիտի հանդիսանար: «Եթե գիտենային տղամարդիկ, թե ինչպես’ մենք հպարտանում ենք նրանցով, թե ինչպես կնոջ փխրուն սիրտը դառնում է ադամանդ` երբ կապվում է նա ճշմարիտ արժանյաց տեր հերոսի հետ»:
Մուրացանը բացառիկ վարպետությամբ իր կերպարներից յուրաքանչյուրի միջոցով մեկ գաղտնիք կամ մեկ բացահայտում է անում դարին հատուկ ժամանակշրջանի համար` կտրուկ սահման դնելով կնոջ և տղամարդու միջև:  Ասենք. «Կան ճշմարտություններ, որոնք… տղամարդը կարող է լսել համբերությամբ, բայց կնոջ ականջը չի հանդուրժիլ նրանց», սակայն  դժվար չէ փաստել, որ սա ոչ թե դարի խնդիրն  էր, այլ դա ճշմարտությունն ու իրականությունն է:

Հայ կնոջ կերպարը`հավատարիմ,  ավանդապահ, համեստ, խելացի, աշխատասեր, նազելի, ցանկացած  տանջանք ու զրկանք տանող, ամբողջությամբ խտացված է Սեդայի կերպարի մեջ:  Սեդան, որ թագուհու դայակն էր   դեռ մանկուց,իսկական ավանդական հայ կնոջ կերպար է: «Քնքուշ սիրտ» ու «երկչոտ հայացք» ունեցող Սեդան ամբողջ հոգով նվիրված է իր թագուհուն`Սահանույշին: Իր անձնուրաց  նվիրվածության    շնորհիվ նա կարողանում էնվաճել թագուհու սերն ու հարգանքը; Անգամ կշտամբանքը նա ընդունում է որպես խորհուրդ, որպես համոզմունք: Սակայն չի կարելի ասել, որ այդ նվիրվածությունը, որը մեր օրերում չես հանդիպի,միակողմանի է: Մեջբերենք թագուհու խոսքերից մի քանիսը. «Ես համբուրեցի այն ձեռքը, որը շատ անգամ համբուրել եմ մանկությանս ժամանակ, որ այնքան շատ գգվել, գրկել ու պահպանել է ինձ, համբուրեցի այն կնոջ ձեռքը, որ ինձ կաթ է ջամբել, ինձ երկրորդ մայր է եղել», «Խոսիր այժմ համարձակ,  քո խոսքերով դու այլևս չես նորոգիլ իմ ցավերը,  այլ գուցե և մեղմես   նրանց», «Մայր   Սեդա, ես   քեզ   վշտացրի,  ներիր   ինձ»    և այլն:  
Սեդայի կերպարը այն հայ կանանցից է, որ շարունակում է մնալ օրինակելի և պաշտելի բոլոր ժամանակների համար:  Զուսպ  համեստ  ու լուռ   այս էակի  առաքելությունը նախևառաջ Սահականույշին  դաստիարակելն էր: Նա ուներ այնպիսի յուրահատուկ բնավորության կողմեր, որի շնորհիվ վերահաս վտանգից խուսափելու համար Սահակ Սևադային նրան Սահանույշի մոտ է ուղարկում, ոչ թե` մորը:                          
            Հաջորդ կնոջ կերպարը հուժկու և զորավոր Ցլիկ-Ամրամի սիրելի կինն է` Սևորդյաց իշխանուհին, ով ընթերցողին ներկայանում է որպես թեթևաբարո կին,կին, ով կարողանում է ժամանակի կապանքներին դեմ գնալ, կարողանում է սեփական զգացմունքներին տրվել, ապրել առանց անհանգստության, քանի դեռ չէր բացահայտվել  թագավորի «վշտերից ծանրագույնը»:  Ասպրամը պատմավեպում դժբախտ սիրո պատճառն է, որի հրավառ աչքերը դժբախտ սեր վառեցին  թագավորի սրտում, ու   մի   շարք  դժբախտությունների պատճառ հանդիսացավ: Չի կարելի հարցը դիտարկել միայն մի կողմից. չէ որ իսկզբանե նրանք սիրեցյալներ էին, մի հանդիպումն իսկ բավական էր անցածը հիշելու, զգացմունքները վերապրելու.  «Նախկին սիրո կայծերը ցոլացին երկուսի աչքերումն էլ և նրանց խորհրդավոր հայացքները հասարակ աչքերի համար աննշմարելի մտքեր հաղորդեցին միմյանց», և միայն մի դաշինք քանդեց նրանց սերը, կործանեց նրանց կյանքը, նրանց տարբեր ուղղություններվ տարավ. «Խոստանում եմ վերադառնալ եկիրս ազատելուց հետո,-ասաց արքայորդին,- իսկ քո օգնության համար կմնամ` շնորհապարտ, որովհետև Գարդմանա զորաց քաջությանը կարող եմ վստահել»: Ի վերջո, ծանրագույն պատիժ է հասնում Ասպրամին. «Ամրամը փակել է յուր կնոջը դղյակի զնդանում և պահում է նրան ինչպես մահապարտի»:


Comments

Popular Posts