1990-ականների նորարար սյունեցին


Մեր հերոսուհին  Անուշիկ Գրիգորյանն է:  Կին, ով կարողացել է հաղթահարել  կյանքի  տված բոլոր մարտահրավերնները: Դեռևս 1985 թվականից նրան արդեն մատով էին ցույց տալիս. նա պարզապես կարողանում էր մեքենա վարել, ինչի մասին բարձրաձայնելը այսօր անհեթեթ ու անիմաստ կլինի: Կին վարորդ, կին տրակտորիստ, կին հողագործ, կին անասնապահ, կին  ուսուցիչ, առհասարակ կին և, իհարկե, մայր:  Այս բոլոր մասնագիտությունները նրա ամենօրյա կյանքի բաղկացուցիչ մասն     էին կազմում: Նա յուրահատուկ է իր հավատարմությամբ ու ընտանիքի անմնացորդ նվիրվածությամբ:  Անչափահաս 4 երեխաների համար հստակ  կենսուղի էին գծել ամուսիններով, իսկ  քանի որ ամուսնուն օգնող չուներ, Անուշիկը դարձավ ամուսնու թևն ու թիկունքը` միասին հաղթահարելով դժվարին թվացող բոլոր իրավիճակներն ու  ճանապարհ հարթելով զավակների համար:
Մինչ ամուսինը անասուններին կերակրում էր, նա արագ-արագ նախաճաշ ու ճաշ էր պատրաստում առավոտ կանուխ, որովհետև գիտեր, որ տուն է վերադառնալու երեկոյան:
 Դպրոցի զանգը հնչելուն պես`  նա դասարան էր մտնում ու բացում մաթեմատիկայի լայն հորիզոնները` բազմապատկելով աշխարհի բարությունը, աղքատներին բաժանելով հարստությունը, արմատի տակ տանելով կյանքի անհավասար պայքարները: Ու այս ամենը թուրքի քթի տան/ նա աշխատում էր սահմանամերձ գյուղում/: Դասերից հետո կապույտ   ժիգուլիով ամուսնու համար հաց  էր տանում դաշտ, հետո մտիկ անում նրա խոսքին, մի քիչ օգնում ու շարժվում առաջ: Հետո սկսում էր այգում աշխատել, ջրում էր մարգերը, քաղհան անում, փխրեցնում  նոր տնկած վարունգի ու լոլիկի  առուները:  Արևը թեքվելուն պես` նա սկսում է անասուններին հավաքել, հետո կթում էր, կաթն ուսին առած  ձորից բարձրանում:  Տանը նրան անհամբեր սպասում էին  զավակները, մեկը տնայիններն էր ցույց տալիս, մեկը լաց էր լինում, մյուսը իր համար հանգիստ  խաղում էր, իսկ փոքրիկը, սպասելուց հոգնած, քնած էր լինում:  Հոգնությունը մոռացած` նորից ուժ էր հավաքում պայքարելու, ապրելու արարելու….
Այսօր Անուշիկն ու ամուսինը գրեթե հասել են իրենց նպատակի գագաթնակետին. 4 զավակներից 3-ը սովորել են բարձրագույն  ուսումնական հաստատություններում, գտել են իրենց տեղն ու դերը կյանքում, մնացել է ամենափոքրը, որ ավարտի Երևանի պետական համալսարանը: Նա արդեն 4-րդ կուրսում է սովորում: Ապագա արվեստաբան է:  Այն նույն մաթեմատիկայի ուսուցչուհին նույն սահմանամերձ դպրոցի տնօրենն է, որտեղ վայելում է ուսուցիչների, աշակերտների, ծնողների սերն ու հարգանքը:  


Comments